Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: «Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է վիճակագրություն՝ «Թումո» կենտրոնների գործունեության ընդլայնման և այս պահին առկա իրավիճակի մասին. «Մեր երկրում գործում են 6 խոշոր կենտրոններ և դրանց կից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 երեխաներ: Սա թույլ է տվել, որպեսզի մենք ոչ ֆորմալ կրթական ծրագրերը դարձնենք հասանելի մեր երկրի ամենատարբեր բնակավայրերում: Մասնավորապես՝ Տավուշի մարզում գործում է Դիլիջանի կենտրոնը՝ կից 11 տուփերով և այստեղ 2200 երեխաներ են ամեն շաբաթ հաճախում: Շիրակի մարզում ունենք Գյումրու կենտրոն՝ կից 10 տուփերով, ամեն շաբաթ այցելում է 3300 երեխա: Սյունիքի մարզում այս տարի բացվեց Կապանի կենտրոնը և կից 3 տուփերը, ամեն շաբաթ ընդունում են 1200 երեխաների, երրորդ տուփը բառացիորեն բացվել է Գորիսում մի քանի օր առաջ: Տավուշի մարզում գործում է Կողբի կենտրոնը՝ կից 4 տուփերով, ամեն շաբաթ հաճախում են շուրջ 1000 երեխաներ: Վայոց ձորում արդեն իսկ ունեինք Եղեգնաձորում ժամանակավոր կենտրոն: Այս նոր ստեղծված հնարավորությունը կընդլայնի երեխաներին ընդունելու հնարավորությունները և ավելի մեծ թվով երեխաներ կկարողանան հաճախել: Կից գործում են նաև 3 տուփեր Վայոց ձորի տարբեր բնակավայրերում՝ ամեն շաբաթ շուրջ 800 երեխաներ ընդգրկելով: Ամենաառաջին կենտրոնը, որը բացվել է 2011-ին Երևանում «Թումո Երևանը»՝ 4 կից տուփերով, ամեն շաբաթ ընդունում է ավելի քան 12200 ուսանողներ: Գիտեք, որ «Թումո»-ն ընդլայնվում է նաև աշխարհի տարբեր երկրներում. հունիսի 1-ին Ճապոնիայում բացվեց, բառացիորեն մի քանի օր առաջ Ուրուգվայում «Թումո»-ի բացման մեկնարկի արարողությունն էր»:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ սա վկայում է այն մասին, որ Հայաստանն ունի կրթական պրոդուկտ, որը նաև արտահանվում է և այս մոդելը մրցունակ է աշխարհում: «Մեր երկրում ունենք նաև «ՔՈԱՖ» կենտրոններ, որտեղ շուրջ 5000 երեխաներ են հաճախում՝ 54 բնակավայրերից: Բացի այդ, գիտեք, որ պետությունը ֆինանսավորում է տեխնոլոգիական ոլորտի հետ համատեղ «Արմաթ» խմբակների գործունեությունը: Այս պահին ունենք 1044 խմբակ՝ շուրջ 16000 հաճախող երեխաներով: Սա ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր կրթական համակարգում էապես ընդլայնվել են, և սա նաև կրթության որակի բարձրացման ու դպրոցին աջակցության շատ կարևոր ուղղություն է»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։