Հասարակություն

«ՖիՆի» և «Աշտարակ կաթ»-ի պաղպաղակներում խախտումներ չեն հայտնաբերվել

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «Մառնիկ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պաղպաղակ վանիլային պլոմբիր» և «Պաղպաղակ շոկոլադային պլոմբիր» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է (ապրանքանիշը «ՖիՆի»):

Որոշման համար հիմք է ծառայել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի վերահսկողության ընթացում արտադրամասից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները. Միայն կաթնայուղով արտադրվող այդ արտադրատեսակներում օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտումներ չեն հայտնաբերվել:

Պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնել նաև «Աշտարակ Միլկ» ՍՊԸ արտադրության պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել (ապրանքանիշը «Աշտարակ Կաթ»):

«Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:

Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է: