Հասարակություն

«Տաշիր պիցցա»-ի Վանաձորի մասնաճյուղի արտադրական գործունեությունը նույնպես կասեցվեց

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 44/6 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններ:

Մասնավորապես՝ խոհանոցում գտնվող սնունդ պահելու պահեստային հատվածի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները և տանիքների ներքին մակերևույթները վնասված են եղել, չի բացառվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:

Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: