2025 թվականից Հայաստանի բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են ներկայացնել հայտարարագիր, որի համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։
ՀՀ քաղաքացիների նույնականացման քարտերի մի զգալի մասը, որոնք տրամադրվել են 2023 թվականի փետրվարի 15-ից հետո, չունի էլեկտրոնային կրիչ, ինչը նշանակում է, որ բազմաթիվ քաղաքացիներ չեն կարող օգտվել պետության կողմից առաջարկվող թվային ծառայություններից, այդ թվում՝ հայտարարագրի ներկայացումից, քանի որ չունեն էլեկտրոնային ստորագրություն։
Սրա այլընտրանքը բջջային օպերատորների միջոցով նույնականացում անցնելն է՝ Mobile ID-ն, ինչի համար պետք է այցելել օպերատորի գրասենյակ, տրամադրել ֆիզիկական քարտը, ինչից հետո կկատարվի նույնականացում ու անձը կունենա էլեկտրոնային ստորագրություն։
Սակայն նույն կարգը չի գործում ոչ ֆիզիկական SIM քարտերի՝ eSIM-երի դեպքում։ Բջջային օպերատորները խոստացել էին eSIM Mobile ID տեխնոլոգիաի գործարկում, որը կարող էր հեշտացնել այս գործընթացը, սակայն այն Հայաստանում դեռևս շարունակում է մնալ անհասանելի, չնայած այն փաստին, որ հայտարարվել էր, որ դեռ մարտից ծառայությունը կգործարկվի։
«Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից՝ նույնականացման քարտով այցելելով հեռահաղորդակցության օպերատորի ցանկացած մասնաճյուղ»,- հայտարարել էր IMID ընկերությունը դեռ այս տարվա հունվարին։
Արդեն հունիսի վերջն է, բայց eSIM Mobile ID ծառայությունը դեռևս ներդրված չէ։
Radar Armenia-ն կապ հաստատեց IMID ընկերության հետ, որտեղից հայտնեցին, որ ծառայությունը հասանելի կլինի մոտակա երկու շաբաթում։
«Վերջին փուլերին վերջին սերնդի iPhone-ների հետ կապված տեխնիկական խնդիր էր առաջացել. eSIM-ն աշխատում էր բոլոր հեռախոսների վրա, բացի նոր iPhone-ներից, որը, կարծես, արդեն լուծմանն է մոտենում։ Կարծում եմ՝ գալիք 1-2 շաբաթվա ընթացքում մենք օպերատորների հետ կհայտարարենք, որ արդեն պատրաստ է։ Մի քիչ երկար տևեց տեխնոլոգիական խնդիրների պատճառով։ Ամեն ինչ տելեկոմների դաշտում է»,- Radar Armenia-ին հայտնեցին IMID ընկերությունից։
Տարօրինակ է, որ վերոնշյալ սարքերի բնութագրերը հասանելի են եղել վաղուց և դրանք շուկայում են երկար ժամանակ, ու տեխնոլոգիական ուշացումը շարունակվում է։ Մի կողմից՝ քաղաքացիները պարտավոր են էլեկտրոնային նույնականացում ունենալ, մյուս կողմից, սակայն, դեռ պատրաստ չեն տեխնոլոգիական այն ենթակառուցվածքները։ Մինչդեռ հայտարարագրման պահանջի վերջնաժամկետը բոլոր աշխատող քաղաքացիների համար սահմանված է մինչև նոյեմբերի վերջ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել էր, որ մինչ այժմ Հայաստանում հայտարարագիր է ներկայացրել շուրջ 70 հազար քաղաքացի, որը, Հակոբյանի խոսքով, պոտենցիալ հայտարարագիր ներկայացնողների ընդհանուր թվի մոտ 10%-ն է։
Անժելա Պողոսյան