Հասարակություն

Ապարանում ուժեղ քամուց վնասվել է 140 բնակելի տուն, 34 մեքենա

Հունիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակել են Ապարանի տարածաշրջանում նախօրեին՝ հունիսի 15-ին, գրանցված ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները։

Վթարավերականգնողական և տեխնիկական աշխատանքներին մասնակցել է 205 փրկարարական ծառայող։ Աշխատանքներն իրականացվել են ինտենսիվ ռեժիմով՝ Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում։ Փրկարարները կատարել են շենք-շինությունների տանիքներից վտանգավոր կերպով կախված թիթեղների և կառուցատարրերի ապամոնտաժում և հեռացում, ինչպես նաև՝ վնասված ծառերի մասնատում և դուրսբերում։ Էլ․ ցանցի մասնագետների հետ համագործակցությամբ ապամոնտաժվել են վնասված էլեկտրասյուներ։

Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ուժեղ քամու հետևանքով վնասվել են շուրջ 140 բնակելի տուն և ավտոտնակ, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի և 17 կազմակերպությունների տանիքներ, 34 տրանսպորտային միջոց, մոտ 200 ծառ, 60 էլեկտրական սյուն, 50 փողոցային լուսավորության սյուն և 15 արևային կայան։

Աշխատանքները շարունակվել են ամբողջ ծավալով՝ ուղղված բնական աղետի հետևանքների վերացմանն ու բնակչության բնականոն կենսապայմանների վերականգնմանը։