Հասարակություն

WhatsApp-ում առաջին անգամ գովազդ կհայտնվի

Հայտնի WhatsApp մեսենջերում 2009 թվականից ի վեր առաջին անգամ գովազդ կհայտնվի։ Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, մեսենջերում կգործարկվեն գովազդի և վճարովի ծառայությունների նոր հնարավորություններ։ Մեսենջերի «Ակտուալ» ներդիրում, որը ներառում է «Կարգավիճակ» և «Ալիքներ» բաժինները, շուտով հասանելի կդառնան մի շարք նոր գործառույթներ։

Մասնավորապես, օգտատերերը կկարողանան բաժանորդագրվել ալիքներին վճարովի հիմունքներով, գովազդ տեղադրել կարգավիճակներում, ինչպես նաև գումարի դիմաց բարձրացնել իրենց ալիքի տեսանելիությունը։

Ընկերությունը նշում է, որ գովազդի ցուցադրման համար կօգտագործվեն սահմանափակ օգտատիրոջ տվյալներ, այդ թվում՝ երկրի և լեզվի մասին տեղեկությունները, բաժանորդագրված ալիքները, ինչպես նաև գովազդային նյութերի հետ փոխազդեցության տվյալները։ WhatsApp-ը հավաստիացրել է, որ այն օգտատերերը, ովքեր մեսենջերն օգտագործում են միայն անձնական շփումների համար, փոփոխությունները չեն նկատի։

WhatsApp-ը ներկայումս աշխարհի ամենահայտնի մեսենջերն է։