«Տեսականորեն, անգամ սպանության գործով, մենք չենք կարող ասել՝ եթե սպանություն, ապա կալանք». ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին։
Ղազարյանը հետաքրքրվել է՝ պետհամարանիշների գողությունը ցածր ծանրության հանցագործությունից միջին ծանրության հանցագործություն դարձնելը քննչական կոմիտեի համար խնդրահարույց չէ.
«Մենք տանում ենք խստացման, բայց իրականում, եթե նույնիսկ փոխենք, հնարավոր է՝ չկիրառվի կալանքի միջնորդությունը։ Դուք ասացիք՝ անընդհատ, մի քանի անգամ... Այսինքն, հստակեցված չէ, օրինակ, երկրորդ անգամ կատարելուց եք տանելու, թե չէ։ Քննչական կոմիտեի համար սա կարող է մի քիչ խնդրահարույց լինել. թողնվում է հայեցողական»,- ասել է Ղազարյանը։
Այվազյանն արձագանքեց. օրենքն ասում է՝ սպանության դեպքում անգամ դու պետք է ունենաս կոնկրետ հիմքեր, որ նա կթաքնվի, կխուսափի քննությունից, կխոչընդոտի, նոր հանցանք կկատարի և այլն։ Եթե չկան սպանության գործերով նման հիմքեր, պետք է դատարան նման միջնորդություն չներկայացնել։
Նրա խոսքով՝ նպատակն այն է, որ 10-ից 5 բալանոց փաստարկներ լինեն կալանավորման վերաբերյալ։