Մի շարք եկեղեցականների ու իրավապաշտպաններ այսօր պետության և եկեղեցու փոխհարաբերությունների թեմայով քննարկում են կազմակերպել։
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ու ՀՀ իշխանությունների «համատեղ արշավը» ՀԱԵ դեմ պատահական չէ։
Խաչատրյանը նշել է, որ սխալ է մեկնաբանվում «եկեղեցին անջատ է պետությունից» իրավանորմը․ «Դա ոչ թե հասարակական պրոցեսներին մեր ներգրավվածությունը կանխելու, այլ իշխանությունների ներգրավվածությունը մեր գործերին կանխելու համար է սահմանված»։
Անդրադառնալով թեզին, թե ՀԱԵ-ն պատշաճ չի խնամում հնամենի վանքերը, Արշակ արքեպիսկոպոսը շեշտել է, որ եկեղեցու ենթակայության տակ պատմամշակութային հուշարձանների մի չնչին մասն է միայն, ու իրենք դրանց պահպանությունն իրականացնում են ուժերի ներածի չափով։
Դիվանապետն անդրադարձել է նաև բարձրաստիճան հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքներին։ Նա նշել է, որ իշխանություններն իրենց ձախողումների համար մեղավորներ են փնտրում։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ նշել է՝ որևէ մեկը չի կարող սահմանափակել հոգևորականի իրավունքները, որը նաև Հայաստանի լիիրավ քաղաքացի է․ «Վարչապետը մտել է մի տարածք, որն իրենը չէ, և պետական ինստիտուտներն իրեն չեն ասում՝ մի արա։ ԱԱԾ չկա, որ սովորեցնի իշխանությանը՝ ինչպես մոտենալ եկեղեցուն»։