Հասարակություն

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:

Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնեց հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանին։

Սուրբ Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և տարբեր վայրերից ժամանած բազում ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:
Բերկրառատ տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ․ Շնորհք վարդապետ Տոնիկյանը։

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը և բազում ուխտավոր հայորդիներ։
Իր քարոզում պատարագիչ Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, պատգամեց հավատավոր ժողովրդին հետևել սուրբ Հռիփսիմյանց կույսերի օրինակին, որոնք առ Աստված իրենց հույսով ու հավատքով արհամարեցին ժամանակվոր կյանքի բոլոր փորձությունները, գայթակղությունները և անգամ մահը՝ հավատարիմ մնալով քրիստոնեական իրենց ուխտին։

Վերջում Հայր Շնորհքը հորդորեց հավատավոր ժողովրդին իրենց աղոթքներում հայցել սրբուհու բարեխոսությունը՝ ամրանալու ու զորանալու հավատքի մեջ, և մշտապես շեն ու անսասան պահել հայոց եկեղեցիները։

Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց Անդաստանի կարգ: