Հունիսի 12-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Թումանյանի պահպանության բաժնի մի ոստիկան Հաղպատ գյուղում ծառայության ընթացքում ճանապարհին նկատել է արյունոտ դեմքով մի քաղաքացու և մոտեցել նրան: Քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ երկու հոգի իրեն ծեծել են, դանակի սպառնալիքով հափշտակել 100 դոլար, 13 հազար դրամ ու փաստաթղթերը և փախել։
Ստանալով ահազանգը` Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն անցան գործի: Տուժողից ընդունվեց հաղորդում: Նա պատմեց, որ Ապարան քաղաքի վերջնամասում կանգնեցրել է կարմիր գույնի ավտոմեքենա, որի մեջ եղել են վարորդն ու նրա կողքը նստած ուղևոր: Խնդրել է իրեն հասցնել Հաղպատ, նրանք համաձայնել են՝ հայտնելով, որ գնում են Վանաձոր: Հաղպատ չհասած մեքենան կանգնեցրել են, վարորդը ներսից փակել է դռան փականները, իսկ ուղևորը շրջվելով` տուժողի պարանոցին է մոտեցրել դանակ և պահանջել, որ տա մոտը եղած ողջ գումարը։ Ըստ նրա` ձեռքերով պաշտպանվել է, փորձել դուրս գալ մեքենայից, սակայն ուղևորը դանակով մի քանի անգամ հարվածել է ազդրին՝ փորձելով գրպանից հանել դրամապանակը։ Այդ ընթացքում կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից:
Զբոսարջիկը տեղափոխվեց բուժօգնության, իսկ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին: Քրեական ոստիկանության Տավուշի և Լոռու մարզային վարչությունների և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պարեկների համագործակցված աշխատանքի արդյունքում դեպքից կարճ ժամանակ անց Նոյեմբերյան քաղաքում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին «Օպել Աստրա» մակնիշի կարմիր մեքենայի վարորդ, Վանաձորի Երևանյան խճուղու բնակիչ 33-ամյա տղամարդն ու Գյումրիի Շիրակշին բանավանի բնակիչ 28-ամյա ուղևորը:
Վարորդի խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսին կային արնանման հետքեր, իսկ ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ 100-դոլարանոց, 12 հազարի թղթադրամ և մետաղադրամներ:
Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վանաձորցին ու գյումրեցին տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են: