Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում, ըստ որի՝ քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն կքննվեն գրավոր ընթացակարգով։ Այսինքն, ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով որոշ բացառություններ։
Նախարարը նշել է, որ քրեական դատավարությունում գրավոր ընթացակարգը նորություն չէ, այժմ էլ որոշ վարույթներ գրավոր են քննվում: Նախագծով այդ վարույթների ցանկին ավելանում է վերաքննության վարույթն ամբողջությամբ:
Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ` կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննությունն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով կամ երբ վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու կամ ապացույցներ հետազոտելու միջնորդությունը:
Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծով նման բացառությունների սահմանումը պայմանավոված և անհրաժեշտ է արդար դատաքննության իրավունքի պատշաճ երաշխավորման համար: Ընդ որում, դատարանը չի կարող կամայականորեն կիրառել այս կարգավորումը: Քանի որ ընդհանուր կանոնը լինելու է գրավոր ընթացակարգը, յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է հիմնավորի և պատճառաբանի, թե ինչու է այդ կանոնից շեղվել:
Քանի որ սահմանվում է բողոքների քննության գրավոր ընթացակարգ, սա հանգեցնելու է դատարանի ծանրաբեռնվածության թեթևացմանը և բողոքների ավելի արդյունավետ քննությանը: Հետևաբար որպես հաջորդ քայլ` Նախագծով առաջարկվում է սահմանել վերաքննիչ բողոքների քննության 6-ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է մեկ անգամ երկարաձգվել մինչև 4 ամսով։
Նախարարն ընդգծել է, որ քրեական գործերով վերաքննիչ բողոքների մեծաքանակության պայմաններում գրավոր ընթացակարգի կիրառումը և միաժամանակ, վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետների սահմանումը կնպաստեն արդարադատության որակի և արդյունավետության բարձրացմանը, կերաշխավորեն գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը` բացառելով նաև բանավոր քննության ժամանակ թույլ տրվող դատավարական չարաշահումները և գործի անհարկի ձգձգումները։
Նշենք, որ Նախագծի ընդունումը բխում է 2021-2026թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից: