Հասարակություն

Անդրադարձել են արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։

Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Քննարկվել են այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդնումը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը, իրավահավասարության ապահովումը։

Հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է բարեփոխումների նշանակալի առաջընթացը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար օժանդակելու դրանց հաջող իրականացմանը։