ՀՀ ԱԺ առողջապահության և ֆինանսավարկային հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել եմ առողջապահության նախարարության 2024թ. բյուջեի կատարողականը, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Չեմ ուզում ծանրաբեռնել թվային շատ ցուցանիշներով, բայց որոշ ծրագրերի այնուամենայնիվ կուզենայի անդրադառնալ: 2024թ. իրականացվել է 12 բյուջետային ծրագիր` 56 բյուջետային միջոցառում, որից 5-ը կապիտալ բնույթի ծախսեր: ՀՀ 2024թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերի հաշվին իրականացվել են թվով 13 առողջապահական կազմակերպությունների շինարարական աշխատանքներ, վերազինվել է 6 առողջապահական կազմակերպություն:
Մեր ուշադրության կենտրոնում են անհետաձգելի բժշկական օգնության, մոր և մանկան առողջության, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցողների խնդիրները, հիմնարար փոփոխություններ են իրականացվել դեղապահովման ոլորտում. կենտրոնացված կարգով ձեռք է բերվել 83 անվանում դեղ՝ 18 հիվանդության համար, ծրագրում ընդգրկվել են 6 նոր հիվանդության թանկարժեք դեղեր, որոնք ֆինանսական մեծ բեռ էին մեր քաղաքացիների համար:
ԱԱՊ օղակում շարունակվում է ըստ կատարողականի բոնուսային ֆինանսավորման գործընթացը: 2023 թվականին բոնուսային ֆինասավորումը կազմել էր մոտ 1,6 մլրդ դրամ, 2024–ին մոտ 2 մլրդ դրամ։
Իրականացվել և շարունակվում են հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանն ուղղված մեր աշխատանքները և ավելանում է դրանց ընդգրկվածությունը: Զեկույցից հետո պատասխանել եմ պատգամավորների հարցերին, ներկայացրել մի շարք ծրագրերի շուրջ պարզաբանումներ»,- գրել է նախարարը: