Հարցազրույց

«Կաթողիկոսը կարող է հեռանալ միայն, երբ հասարակական մեծ ճնշում լինի». կրոնագետ

Radar Armenia-ի զրուցակիցն է կրոնագետ Վարդան Խաչատրյանը։ 

- Վերջին շրջանում վարչապետ Փաշինյանի կողմից արծարծվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի փոխարինման հարցը։ Կա՞ն սահմանված հիմքեր՝ որ դեպքում է հնարավոր կաթողիկոսի հեռացումը։

- Հիմքեր չկան, որպեսզի որևէ իշխանություն կարողանա այդ բանն անել։ Եկեղեցին անջատ է պետությունից, սահմանադրությունը նման հիմքեր ոչ ենթադրում է, ոչ էլ կտա։ 

- Իսկ եկեղեցու ներքին կանոնակարգով նման հնարավորություն կա՞։ 

- Ներքին կանոնակարգը միայն եկեղեցու ներսի համար է. տարբեր մեղադրանքներ կարող են լինել՝ հերետիկոսություն և այլն։ Չի կարող հեռացվել, կարող է քննարկվել. ճնշող մեծամասնությամբ վանական խորհուրդը որոշում պիտի կայացնի։ 

- Եթե մեղադրանքներ կան ուխտախախտման, ոչ կուսակրոն վարքի վերաբերյալ, ու՞մ իրավասության տակ է դրա քննությունը։ Գոյություն ունե՞ն եկեղեցական վեհաժողովներ կամ դատարաններ նման դեպքերի համար։

- Ոչ, այդպիսի բան գոյություն չունի։ Պարզ կարող եք տեսնել, որ անգամ կաթոլիկների մոտ, որն ավելի շուտ կառույց է, քան եկեղեցի, այնտեղ ևս, օրինակ, մանկապղծության թեման մեծ հասարակական արձագանք առաջացրեց, բայց պատիժները ներքին բնույթ էին կրում, չէին դրսևորվում որպես հասարակական լրատվություն։ Պարզում են՝ այդպիսի բան կա, թե չէ, և միջոցներ են ձեռնարկում՝ սկսած պատիժներից, որոնք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ բանադրանք և այլն։ Առաքելական եկեղեցու դեպքում դեռևս նման բաներ չեն եղել, հերետիկոսության մասին է խոսքը գնացել, հիմա եթե հարցը հասնի քննվելուն, ո՞նց պետք է քննվի, եթե պետությունն այդտեղ մասնակցություն չունի։ Ներսում պետք է քննվի։ Դա քիչ հավանական է։ 

-Կուսակրոնության ուխտը որքա՞ն է խիստ, և խախտման դեպքում ի՞նչ հետևանքներ է ենթադրում եկեղեցական իրավունքի տեսանկյունից։

-Եթե այդքան խիստ լիներ, կուսանոցները Հռոմում չէին վերածվի Հռոմի Պապի հարեմի։ Մեր եկեղեցու տեսակետից՝ հիմա կուսանաց շարժում, փաստորեն, չունենք էլ, 6-7 հոգի են, այն էլ՝ ուղղափառ եկեղեցու կողմից։ Վրաց ուղղափառ եկեղեցուց նույնիսկ մարդ էին բերել, որ ասի՝ ինչպիսին պետք է լինի առօրյան, կարգուկանոնը։ Ժամանակին ունեցել ենք ինչ-որ ոչ մեծ դրսևորումներ։ 

- Եթե մի կողմ դնենք քաղաքական կողմը, պատկերացնենք, որ կաթողիկոսին ուղղված մեղադրանքներ և դժգոհություն կա հենց եկեղեցու ներսում։ Ի՞նչ է արվում այդ դեպքում։ 

- Դա ուրիշ է, իրենց ներսում ինչպես կգնան զարգացումները, կարող է՝ չիմանանք էլ։ Իրենք պարտավոր չեն դա հրապարակել։ Կաթոլիկները ևս իրենց պատիժները հրապարակային քննարկման չեն ներկայացնում, ուղղակի ասում են, որ արդարությունը վերականգնված է, այս մարդը պատժված է։ 

- Իսկ եթե պարզվի, որ ինչ-որ խախտում է թույլ տրվել հոգևոր առաջնորդի կողմից, ի՞նչ է նախատեսվում։ 

- Ինչ-որ խախտումը բավարար չէ, ներսում պարտադիր հղում են անելու տրադիցիային։ Այդ տրադիցիայի արդյունքում մնալու է միայն այն, որ ինչ-որ մեկին հերետիկոսության մեջ մեղադրեն և այլն։ Հիմա եթե ներքին կանոնադրության խախտման խնդիր դրվի, պետք է ապացուցվի, ներկայացվի, և որոշում կայացնելը շատ հարաբերական է՝ ելնելով նրանից, որ եկեղեցին տրադիցիոնալիստական կառույց է, իսկ այդ տրադիցիայում այդպիսի բաներ համարյա չկան։  

- Այսինքն, ըստ Ձեզ, ոչ տեսականորեն, ոչ գործնականում հնարավոր չէ, որ ներսից կաթողիկոսի փոխարինման հարց բարձրացվի։ 

- Չեմ կարծում, քանի որ ներսում կաթողիկոսի հովանավորյալ մարդիկ են։ Կազմակերպական առումով ինքն է կազմակերպել եկեղեցին։ Կաթողիկոսը կարող է հեռանալ միայն այն դեպքում, երբ հասարակական մեծ, գերագույն ճնշում լինի, կամ առողջապես տկար լինի և համարի, որ պետք է աթոռակից նշանակի ու հեռանա, աթոռակիցն էլ կազմակերպի ընտրությունները։ 

- Պատմության մեջ եղե՞լ են դեպքեր, երբ պետությունները միջամտել են եկեղեցու գործերին։ 

- Բոլոր պետություններն էլ միջամտում են եկեղեցու ներքին գործերին։ Հայ եկեղեցու դեպքում ասեկոսեներից այն կողմ չի անցել։ 

Անժելա Պողոսյան