Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։
Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) մենթորության ծրագրին։
ՄՊՀ նախագահը գոհունակությամբ է խոսել ծրագրի արդյունքներից՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների միջև ինտենսիվ փորձի փոխանակումը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կարող է օրինակ ծառայել ICPEN-ի այլ մասնակիցների համար։ Նա հավելել է, որ օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որով Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության համակարգը կհամապատասխանեցվի ԵՄ դիրեկտիվներին, արդեն երկրորդ ընթերցումն է անցել Ազգային ժողովում և ակնկալվում է, որ մինչև հունիսի վերջ ամբողջությամբ կընդունվի օրենսդիր մարմնի կողմից։
Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինները վերջին շրջանում ակտիվորեն համագործակցում են։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Երևանում երկու գերատեսչությունների ղեկավարները կնքեցին համագործակցության հուշագիր։