Հասարակություն

ՆԳՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել. նախարարը հանձնարարականներ է տվել

ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։

Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից ոչ իրավաչափ վարքի դրսևորումները։

Նախարարը հանձնարարել է ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը` հանցավորությանն առավել օպերատիվ հակազդելու նպատակով։

Արփինե Սարգսյանն, անդրադառնալով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին հակազդելու միջոցառումներին, կարևորել է դրանց պարբերական իրականացումը հանրապետության ողջ տարածքում:

Արփինե Սարգսյանը, մատնանշելով անչափահասների շրջանում տարվող աշխատանքները, հանձնարարել է կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումներն իրականացնել ամենօրյա ռեժիմով՝ դպրոցահասակներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով:

Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, անդրադառնալով առանձին հանցատեսակների և հասարակական կարգի պահպանությանը, այդ ուղղություններով տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա են դարձել ու դիտարկվել տարբեր հարցեր։