Հասարակություն

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնել

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը։ 

«Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո ՎԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդն ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում է ՎԱԶ մեքենային, ապա ճանապարհի աջ եզրային մասում կայանված պարեկային ծառայության կարգախմբի ավտոմեքենային։

Այս վթար հետ կապված մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։ Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,- ասվում է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել էր տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել։ ՆԳՆ-ն հայտնել էր վթարի հետ կապված որոշ մանրամասներ։