ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ԶԼՄ-ների այսօրվա մի քանի հրապարակումների մասին ուզում եմ ասել հետևյալը. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ակտիվ գործունեությունը պայմանավորված է բացառապես իր գործառույթներով ու հանրային շահով. մեր սեղաններին պետք է հայտնվի միայն ու միայն անվտանգ սննդամթերք։
Պաղպաղակի արտադրության խախտումների մասին հրապարակումները, ձմերուկի ստուգման ու անհամապատասխանությունների հայտնաբերման արդյունքում դրա մեծ խմբաքանակի, անհայտ ծագման կենդանիների ներմուծման արգելքները, վերջին ամսում կաթնամթերքի արտադրություններում իրականացված ստուգումներից հետո դրանց կասեցումները, կենդանիների հիվանդությունների հայտնաբերման ու հարկադիր մորթի խիստ վերահսկողությունը (ու էլի շատ գործոններ), հասկանալի է, տնտեսավարողներին դուր չեն գալիս. իրենք կրում են վնասներ, ինչն, իհարկե, ցավալի է։
Բայց ՍԱՏՄ հիմնական-ուղիղ գործառույթը սննդի շղթայի բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությունը վերահսկելն է և, նախ և առաջ, սպառողների իրավունքները պաշտպանելը։ Հասարակությունն իրավունք ունի և արժանի է իր առողջությանն ուղղակիորեն սպառնացող սննդային վտանգների մասին տեղեկացված լինելու։ Ի դեպ, մեր վերջին շրջանի հրապարակումների վերաբերյալ հանության արձագանքներն ուղղակի ապացույց են, որ ՍԱՏՄ գործունեության նկատմամբ վստահության մակարդակը բարձրանում է:
Ինչ վերաբերում է ներմուծման ու արտահանման խնդիրներին, ապա տարբեր երկրների սահմաններին դրանք հաճախ են լինում ու հարթվում։ Ինչը վկայում է նաև մեր տարիների փորձը: Տնտեսավորողներին ու նրանց համար աշխատողներին առաջարկում եմ ավելի զուսպ ու հավասարակշիռ լինել։ Ձեր կողմից թույլ տրված խախտումների վերացման մասին նույնպես պարտադիր հրապարակվում է, և տարբեր հոդվածներ պատվիրելու փոխարեն ուղղակի աշխատեք օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան։ Դուք եք սննդամթերքի անվտանգության ու այն չկեղծելու երաշխավորը»: