Հասարակություն

Բնակարանից գողացել էր 10 հազար եվրո, 10 հազար դոլար և ոսկյա զարդեր

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հունվարի 10-ին: Երևանի Նալբանդյան փողոցի բնակիչ 71-ամյա կինը հայտնել էր, որ այդ օրն իր բնակարանից գողացել են 10 հազար եվրո, 10 հազար դոլար և ոսկյա զարդեր:

Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, զուգահեռ իրականացվել են նաև ապացուցողական գործողություններ։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ամիսներ տևած համագործակցված ու հետևողական աշխատանքի արդյունքում ծանր հացանքը բացահայտվեց։

Պարզվեց, որ բնակարանային գողությունը կատարել է 43-ամյա մի տղամարդ: Հունիսի 4-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: