Հասարակություն

Մրցույթ՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով հայտարարվել է մրցույթ։ Արդյունքում բաժնետոմսերի կառավարման իրավունքը 25 տարի ժամկետով կհանձնվի հավատարմագրային կառավարչի, իսկ սեփականության իրավունքը պատկանելու է պետությանը։

Մրցույթի նպատակն է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ը վերածել ավելի ժամանակակից և հասանելի առողջապահական հաստատության։ Հավատարմագրային կառավարման մոդելը կծառայի բժշկական կենտրոնի շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական վերազինմանը, ինչպես նաև առաջնային բժշկական օղակի դերի բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների ընդլայնմանը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի բուժօգնության բարձր որակի և մատչելիության ապահովմանը, ախտորոշիչ ու հարակից ծառայությունների հզորացմանը, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական վերապատրաստմանը և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։

Ինչ պահանջներ են սահմանված մրցույթի նախաորակավորման փուլի մասնակցության համար, ովքեր կարող են մասնակցել և ովքեր՝ ոչ․ այս և այլ հարցերի մանրամասները՝ www.stateproperty.am/article/1655 հղումով։

Հայտերը պետք է ներկայացվեն Պետական գույքի կառավարման կոմիտե (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 4)՝ մինչև հուլիսի 14-ը, ժամը 17:00-ն ներառյալ։