Հասարակություն

Անասնաֆերմայի տերը թրաֆիքինգի է ենթարկել ամուսիններին, բռնություն կիրառել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի անասնապահն իր մոտ աշխատանքի անցած ամուսիններին չի վճարել կատարված աշխատանքի դիմաց, նրանց նկատմամբ գործադրել է բռնություն, ինչի հետևանքով սպառնալիքների պայմաններում ամուսիններից մեկը դիմել է փախուստի:

Անասնապահը շարունակել է անօգնական վիճակում գտնվող, հոգեկան վիճակով պայմանավորված իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող և ղեկավարող, իրեն թրաֆիքինգի ենթարկելն ամբողջությամբ չհասկացող և չգիտակցող ամուսիններից մեկին ենթարկել շահագործման: Մասնավորապես՝ բացի անասնաֆերմայի աշխատանքներից, անասնապահն ամուսիններից մեկին պարտադրել է կատարել հավելյալ աշխատանքներ, ինչն ուղեկցվել է վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքներով:

Շուրջ 4 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների դիմաց ամուսիններից մեկին վճարվել է 5000 դրամ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անասնապահը բութ գործիքների ներգործությամբ բռնություն է գործադրել ամուսիններից մեկի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, վերջինս դիմել է փախուստի:

Անասնապահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: