Հասարակություն

Վերականգնվել է 2 տնտեսվարողի կողմից պետությանը պատճառված ավելի քան 5 մլրդ դրամի վնասը

Պաշտոնատար անձանց կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու և դրա հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ինչպես նաև տնտեսվարող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարութով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ տնտեսվարող երկու կազմակերպություններ 2021-2023թթ. խուսափել են հարկային պարտավորությունները պատշաճ կատարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում չկատարված հարկային պարտավորությունների մասով վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 1.019.681.497 (մեկ միլիարդ տասնինը միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ վնասը, ինչպես նաև արձանագրված խախտումների վերաբերյալ շահութահարկի գծով կատարվել է վնասի նվազեցում՝ 4.524.736.842 (չորս միլիարդ հինգ հարյուր քսանչորս միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամի չափով:

Հիշյալ տնտեսվարող կազմակերպությունների տնօրենները նախաքննության ընթացքում չեն վիճարկել վերոնշյալ փաստերը, ամբողջությամբ վճարել են իրենց հարկային պարտավորությունները: Վերջիններիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառման հիմքով կայացվել են հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ: