Հասարակություն

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Աշտարակում. մեքենան գլխիվայր շրջվել է և այրվել

Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Խ-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա բետոնե պաշտպանիչ քարերին և բռնկվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:  Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից, որում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արգամ Մելիքյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանև վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նվեր Գրիգորյանն ու Լուսինե Արշակյանը:  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Հուսիկ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում էր ծաղիկներ տեղափոխելու համար: