Հասարակություն

3 նոր ամբուլատորիաներ՝ Այնթապում, Ռանչպարում և Տափերականում

Այսօր, Արարատի մարզի Այնթապ, Ռանչպար և Տափերական բնակավայրերում տեղի ունեցավ երեք ամբողջությամբ վերանորոգված և կահավորված ամբուլատորիաների պաշտոնական բացումը։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Երեք ամբուլատորիաները միասին սպասարկում են ավելի քան 14,800 քաղաքացու, որոնցից մոտ 700-ը փախստականներ են, իսկ շուրջ 880-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Նորաբաց կենտրոնները բարելավում են առողջապահական ծառայությունների հասանելիությունը և որակը՝ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը։

«Այս նախաձեռնությունը ոչ միայն արձագանք է առկա հումանիտար մարտահրավերներին, այլև ներդրում երկարաժամկետ կայուն զարգացման համար։ Այս հնարավորությունը մեզ ընձեռվել է Ճապոնիայի կառավարության կարևոր և հետևողական աջակցության շնորհիվ, որի համար խորին երախտագիտություն ենք հայտնում մեր գործընկերներին։ Այնթապի, Ռանչպարի և Տափերականի ամբուլատորիաները վառ օրինակ են, թե ինչպես է գործընկերությունը ձևավորում ավելի կայուն համայնքներ», — իր ելույթում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։