Հասարակություն

ՆԳ նախարարը պատմել է, թե ինչու է պաշտոնանկ արվել ոստիկանապետը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է պաշտոնանկության պատճառների մասին՝ խնդրելով անդրադառնալ «աննախադեպ մի դեպքի»․ «Ներկայացվում է նոր նշանակված ոստիկանապետ Ղազարյանը, Արամ Հովհաննիսյանը դրան անգամ ներկա չէ. այդքան նեղացե՞լ է»։

ՆԳ նախարարի խոսքով՝ նախարարությունում իր նշանակումից հետո եղել են կադրային տարբեր փոփոխություններ, ինչը բնական է. «Կադրային փոփոխությունները օգնում են նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայել հարցերին, որոնց տարիներ շարունակ այլ հայացքով է նայվել։ Ոստիկանապետի փոփոխությունն այս տրամաբանության շրջանակներում է. կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին ավելի թարմ աչքով նայելու, ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և առաջ գնալու։ Սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը։ Պետք չի փնտրել ինտրիգներ, միջանձնային տարբեր հարցեր, այլ բաներ»,- ասել է նա։