Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ճեպազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու, կաթողիկոսի՝ հնարավոր զավակ ունենալու մասին հարցադրմանը։
«Ձեզ թվում է՝ գոյություն ունեն սխալ պատասխաններ, բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր, և սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ։ Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել, առավել ևս, պատասխանատվություն ունեցող անձանց կողմից»,- ասել է նա կաթողիկոսի՝ զավակ ունենալու մասին հարցին ի պատասխան։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները փորձեն գահընկեց անել Կաթողիկոսին, եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանել է. «Օրենսդրությունն իրենց նման հնարավորություն, իրավասություն վերապահո՞ւմ է։ Պետք է փորձել ջանքեր գործադրել օրենսդրության պահպանման համար»։
Նա նշել է, որ երբ իրենք անելիք ունենան, կբարձրաձայնեն։
Հարցին՝ կա՞ն կուսակրոն քահանաներ, որոնք խախտել են կուսակրոնության ուխտը, նա ասել է. «Ես այդ հարցը կոռեկտ հարց չեմ նկատում։ Կասկածի որդ կա նաև, որ ամուսնացած անձինք իրենց ամուսնական ուխտին հավատարիմ չեն։ Ընդհանուր կասկած կա։ Հիմա ես չգիտեմ՝ ձեզնից ով է ամուսնացած, ով՝ ոչ, բայց որքա՞ն է կոռեկտ՝ նույնատիպ հարց տամ ես ձեզնից որևէ մեկին»։
Նա չի բացառել, որ հոգևորականները զրպարտության համար դիմեն իրավապահ մարմիններին։