Հասարակություն

Արամ Ղազարյանն ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից

Արամ Ղազարյանն ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից. կառավարության որոշումն ընդունվել է գրավոր ընթացակարգով։

Մինչ այդ Ղազարյանը հայտարարություն էր տարածել.

«Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։

Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։

Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։

Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»,- գրել է նա սոցցանցերի իր էջում։

Ըստ շրջանառվող լուրերի, Ղազարյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ-ՆԳՆ փոխնախարար։ Նա 2001թ-ից աշխատել է ոստիկանական համակարգում, զբաղեցնելով նաև Կոտայքի և Շիրակի մարզային վարչությունների պետի պաշտոնը։