«Ես կարծում եմ՝ վարչապետն ինքը մեկնաբանել է իր գրառումը, և ավելացնելու որևէ բան չունեմ»,- լրագրողներ հետ զրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների մասին վերջին օրերի գրառումներին։
«Եթե հանրային ձևավորված խոսույթի մասին եք խոսում, բնականաբար, որևէ մեկիս չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ, որ այդ խոսույթը նոր չէ, որ ձևավորված է։ Լավ է, որ մենք ուշադիր ենք, արժե, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ այդ բառամթերքը հնչում է նաև այլ կողմերից, այդ թվում, օրինակ, իմ նկատմամբ։
Բնականաբար, որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը, մենք շատ տարբեր քննարկումներ ենք ունեցել, կառավարության նիստում էլ ենք այդ հարցերից խոսել, և կարծում եմ՝ ավելի քան պարզ է դիրքորոշումը»,- ասել է նա։
Խոսելով եկեղեցիների՝ չուլանացված լինելու մասին վարչապետի հայտարարության մասին, Ժաննա Անդրեասյանն ասել է. «Մենք ունենք մեր հուշարձանների հանդեպ հոգատարության, այդ թվում՝ հանրային հոգատարության շատ լուրջ խնդիր։ Առաջին անգամ չեմ այդ մասին խոսում։ Այն տրամաբանությունը, որ գործում է մեր որոշ եկեղեցիներում, թողնում է նման տպավորություն, և ես դրա համար ցավում եմ, ինչպես պիտի ցավա յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև եթե մենք արժևորում ենք մեր մշակույթը, առաջին հերթին պիտի մեր կողքը նայենք։
Քանի՞ անգամ եք տեսել ձեր կողքին մարդ, որ գտնվում է հուշարձանի տարածքում և, օրինակ, աղբ է նետում։ Քանի՞սն են մոտեցել և ասել, որ չի կարելի անել։ Գիտեք, այստեղ կարելի է անընդհատ մեզ դնել զարմացածի տեղ և մտածել, որ բացահայտվում են բաներ, որոնք մենք էլ չգիտեինք։ Դա տեղի է ունենում մեր կողքին, մեր բոլորի ներկայությամբ և մասնակցությամբ, և ավելի լավ է՝ մենք այդ խնդիրներից խոսենք։ Խոսելու ձևերը կարող են տարբեր լինել, բայց այն, որ խնդիր կա, և դրանց պետք է անդրադառնալ, ակնհայտ է»։