Հասարակություն

Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում համագործակցության շուրջ

Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կայուն և կանաչ քաղաքային, ինչպես նաև գյուղական զարգացման առաջնայնությունը: Այս համատեքստում կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների, ինժեներական համակարգերի, Էներգախնայող բնակարանաշինության ոլորտներում ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի հետ փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2026թ. Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում հնարավոր համագործակցության շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ ընդգծելով միջազգային աջակցության կարևորությունը: