Հասարակություն

Ծանրամարտիկները հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ծանրամարտի տղամարդկանց թիմի մի շարք անդամներ` հանդիպեցին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող մանկատներից մեկի փոքրիկների հետ ու շնորհավորեցին հունիսի 1-ի կապակցությամբ:

Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Հանդիպման ընթացքում երեխաները նկարվեցին աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների հետ ու մարզիկներից նվերներ, ինչպես նաև հավաքականի տղաների ստորագրությամբ խորհրդանշական շապիկ ստացան, իսկ ծանրորդները փորձեցին փոքրիկների պատրաստած թխվածքաբլիթները:

«Այս օրը շատ կարևոր օր է երեխաների համար և մենք ցանկացանք անպայման նրանց հետ լինել` տոնն ավելի ուրախ դարձնելու նրանց համար: Թեպետ վստահ եմ, որ տնօրենությունը, դաստիարակներն ու ուսուցիչները փորձում են այդպես անել: Եվ կարծես նրանց մոտ ստացվում է: Նաև մեր չեմպիոնների այցելությունն է կարևոր, որ կյանքի դժվարին այս փուլում գտնվող երեխաները ուղենիշներ ունենան, տեսնեն` ինչ հաջողությունների կարող են հասնել աշխատանքի շնորհիվ»,-ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի խոսքով` մանուկների օրը տոն դարձնելով` օրը հաջողված կարելի է համարել:
«Ուրախ ենք, որ երեխաների միջազգային օրը հավաքականի տղաների հետ մի փոքր տոն ու ժպիտ նվիրեցինք մեր փոքրիկներին: Շարունակելու ենք մնալ նրանց կողքին ու աջակցել, ինչով որ կարող ենք»,-ասաց Գասպարյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մտադիր է նմատիպ նախաձեռնությունները շարունակական դարձնել: