Երեկ՝ մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Սասունցի Դավթի փողոցում՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ, բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինն օգնության են հասել «Toyota»-ի վարորդը, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները:
«Toyota»-ն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan»-ին
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով «Toyota»-ն ու մոտոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի մասին տեղեկանալով՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր մաքրել են ճանապարհը քանի որ վթարի հետևանքով մոտոցիկլից քսայուղ էր թափվել։