Երեկ՝ մայիսի 30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին ավելի հայտնի 4-րդ գյուղում ծառայություն կատարելիս նկատում են, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան վարում է անչափահաս: Տեղում վաշտի հրամանատարի գլխավորությամբ պարեկները հասցնում են մոտենալ «BMW X5»-ին և ձայնային ազդանշաններով կանգնեցնում են այն ու տեղում պարզվում է, որ վարորդը անչափահաս է, գրում է Shamshyan.com-ը։
Ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 13-ամյա տղան, իսկ ավտոմեքենայում են եղել հայրը, մայրը, տատը և ևս 2 անչափահաս: Հայրը՝ Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Խ.-ն պարեկներին փորձում էր համոզել, որպեսզի ավտոմեքենան չտանեն «պլաշչադկա» և նա ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ եղել է ոչ սթափ: