Մայիսի 30-ին մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Հաղթանակ 28 տան դիմաց հայտնաբերել են իրար բախված BMW մակնիշի 68 MM 100 և BMW X5 մակնիշի 88 AB 883 համարանիշի ավտոմեքենաներ։ Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, Երևանի 103 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից կինը գիտակցության չգալով շտապօգնության ավտոմեքենայում մահացել է, իսկ 2 տարեկան տղա երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ BMW X5-ը եղել է կայանված, կապ չի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքի հետ, իսկ մյուս BMW-ի վարորդը դեպքի վայրը լքել է։
Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են վնասված հետքեր և կան տեղեկություններ, որ այդ «Նիվան», որի համարանիշները փոխված են, վրան դրված է այլ համարանիշ, մասնակցություն է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։