Հասարակություն

Տեղի է ունենալու ՀՀ - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողով

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 2-3-ը Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը: 

Հերթական՝ 5-րդ, համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն և օրինակելի համագործակցությունը:

Համաժողովի ծրագիրը բաղկացած է լիագումար նիստից, որը ուղիղ կհեռարձակվի, ինչպես նաև 4 պանելային քննարկումներից և փակման արարողությունից:
Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետեր, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ

Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը:

Հայկական կողմից մասնակցելու են ՀՀ ԱԳ, ՏԿԵ, էկոնոմիկայի, ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև մարզային և քաղաքային այլ հյուրեր: