Yandex Go-ում հայտնվել է «Միջքաղաք» սակագինը, որի միջոցով հնարավոր է ուղևորություն պատվիրել Երևանի և Հայաստանի այլ քաղաքների միջև։ «Միջքաղաք» սակագնով ուղևորությունն ավելի էժան կլինի, քան նույն երթուղով ուղևորությունը «Ստարտ» սակագնով։
Այժմ «Միջքաղաք» սակագնով հասանելի են երթուղիներ Երևանից դեպի Գյումրի, Արմավիր, Արարատ, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Սևան, Դիլիջան և հակառակ ուղղությամբ։ Այս սակագինը հարմարավետ կլինի ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար, որպեսզի արագ հասնեն Խոր Վիրապ, Սևանավանք կամ Դիլիջան, իսկ հետո, ըստ անհրաժեշտության, հետադարձ ուղևորություն պատվիրեն։

Վարորդը նշված հասցեից կվերցնի ուղևորներին և կտեղափոխի այլ քաղաքում գտնվող համապատասխան հասցե։ Ինչպես սովորական ուղևորության պարագայում, այս դեպքում ևս ամբողջ ավտոմեքենան պատվիրատուի տրամադրության տակ է։
«Միջքաղաք» սակագնով հասանելի է երկու տարբերակ՝ «Մեկնել հիմա» և «Նախապատվեր»։ Օրինակ՝ Երևանի Կոմիտասի պողոտայից ուղևորությունը դեպի Գյումրիի Վարդանանց հրապարակ «Ստարտ» սակագնով կարժենա մոտ 16200 դրամ, իսկ «Մեկնել հիմա» տարբերակով՝ մոտ 12000 դրամ։ Նախապատվեր հնարավոր է գրանցել պատվերից նվազագույնը 40 րոպե և առավելագույնը՝ 72 ժամ առաջ։
Ուղևորության արժեքում ներառված է ընդհանուր մինչև 10 րոպե տևողությամբ մի քանի կարճ կանգառ։
«Միջքաղաքի» պատվերները ստանում են այն վարորդները, որոնք պատրաստ են կատարել երկար ուղևորություններ։ Որպեսզի օպտիմալացվի պատվերների ժամանակը, վարորդը կարող է նախապատվերների ցանկից նախապես վերցնել հետադարձ պատվեր կամ միացնել «հետադարձ» ռեժիմը․ այս դեպքում ալգորիթմն ավտոմատ կերպով կսկսի որոնել համապատասխան նոր պատվեր։
