Հասարակություն

Ուսումնասիրվում են պտտահողմի և կարկուտի պատճառած վնասները

Այսօր` ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում ուժեղ պտտահողմ է եղել և տեղացել է խոշոր չափերի կարկուտ։ Ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր, հայտնում է Արթիկի համայնքապետարանը։ 

Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և, մասամբ, նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ։

Արթիկ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի գլխավորած աշխատանքային խումբը ներկա պահին տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։ Համայնքի ղեկավարի կարգադրությամբ՝ ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։