Բենզինի գինը երբ իջել էր, մրցակցության արդյունք չէր, այլ անբարեխիղճ մրցակցության. Ազգային ժողովում ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ տարածաշրջանում այդ գնով ապրանք գոյություն չուներ։
«Պետք է մի բան գիտակցենք. ներկրվող ապրանքները ձեռք են բերվում որոշակի երկրներից կամ բորսաներից։ Հիմա եթե այդ երկրներում, բորսաներում գինն ավելի բարձր է, ո՞նց ստացվեց, որ Հայաստանում գինն էժան է լինում։ Դա խաբկանք է։ Ապրանքի գինը շուկայում է կարգավորվում։ Միջազգային շուկայում վաճառվող ապրանք է. եթե աշխարհում պահանջարկը մեծանում է, գինը թանկանում է, հենց էդ սեզոնին էլ դա տեղի է ունեցել, շուկայի կանոն է։ Չէր կարող ՌԴ-ում բենզինի ներկրման խնդիր լինել ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով։ Լուրջ խնդիր ենք ունեցել, ՀՀ ներկրվող բենզինը մեծ մասամբ եղել է Եվրոմիությունից. Արտաշատում, Արարատում հայտնվում էին բենզալցակայաններ, որտեղ վաճառում էին 250 դրամով»,- նշել է Գևորգյանը։
Նրա խոսքով՝ ներկրվածն ավելի ցածրորակ բենզին է եղել, որը չի համապատասխանել չափանիշներին։