ԱԺ-ն քննարկում է քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է մեքենաների սարքերի գողության դեպքում պատժաչափերի խստացում։
ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը նշել է, որ այդ հանցանքը կդիտարկվի միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն.
«Վերջին տարիներին այս արարքն ունի մեծ տարածում, կայուն աճի միտում և իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն»,- ասել է նա։ Ըստ փոխնախարարի՝ այս հանցագործությունը հանրությանը վերջին շրջանում շատ ավելի է հուզում, և պետությունը պետք է արձագանքի դրան։
Մկրտչյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է հաշվառման համարանիշների, նշանների, հայելիների կամ լուսարձակների գողությանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է՝ լուսարձակների կամ հայելիների գողության դեպքով քանի մարդ է ձերբակալվել. «Մեքենաների մակնիշ կա, որ դրանցից ունենալն ինքին դառնում է անեծք, օրինակ՝ Porsche cayenne-ները»․ եթե ունես դրանից, քո լուսարձակները 90% հավանականությամբ կգողանան»։
Փոխնախարարն ասել է, որ կատարված հանցագործությունների 30%-ն է բացահայտվել։ Ըստ նրա, եղել են դեպքեր, երբ ձերբակալվածը մոտ երեք տասնյակ դրվագով նման հանցագործություն է արել։