Հասարակություն

Ներկայացվել է թվային դատարանների ոլորտում առկա ձեռքբերումները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության կազմում եռօրյա աշխատանքային-ճանաչողական այցով Սինգապուրում է։ Ասիական զարգացման բանկի կողմից նախաձեռնած այցի նպատակն է լուծման այլընտրանքային մեխանիզմներին ու արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձին ծանոթանալը։

Մայիսի 27–ին, ի թիվս մի շարք հանդիպումների, հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է նաև Օրենքի նախարար, Ներքին գործերի երկրորդ նախարար Էդվին Տոնգին։ Հանդիպմանը քննարկվել են ժամանակակից և արդյունավետ իրավական համակարգին առնչվող բարեփոխումները, անդրադարձել են արդարադատության հարցերով միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ու երկկողմ գործընկերների հետ համագործակցության եղանակներին։

Գործընկերներն անդրադարձել են արդարադատության մատչելիությանը նպաստող սինգապուրյան գործիքակազմին։ Հայ պատվիրակներին է ներկայացվել արբիտրաժային և մեդիացիոն համակարգերի, թվային դատարանների և արդիական տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում առկա ձեռքբերումները։

Վեճերի լուծման առաջատար կենտրոն Սինգապուրում հայաստանյան բարձրաստիճան պատվիրակությունն այցելելու է ազգային դատարաններ, Սինգապուրի միջազգային առևտրային դատարան, Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոն, Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոն և արդարադատության իրականացման առնչվող մի շարք այլ կենտրոններ՝ հանդիպելու ղեկավար կազմին։

Այցի ընթացքում քննարկվելու են վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հաջողված մոդելները և դրանց կիրառման ու տեղայնացման հնարավորությունները մեր երկրում։ Հայաստանյան պատվիրակության կազմում են ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱՆ տեղակալ Տիգրան Դադունցը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանը։