ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 26-ին Մասիս քաղաքում այցելել է «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ի ջեռուցման ալյումինե մարտկոցների արտադրությամբ զբաղվող գործարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ընկերության ղեկավար կազմի հետ նախարարը շրջել է արտադրամասի տարածքով, ծանոթացել արտադրական կարողություններին։
Ընկերությունը մետաղի ջարդոններից ստանում է վերջնական արտադրանք՝ ջեռուցման ալյումինե մարտկոցների տեսքով։ Տարեկան արտադրությունը հասնում է մինչև 2,5 մլն հատ ջեռուցման մարտկոցի, որի արդյունքում շուրջ 3000 տոննա ալյումինի ջարդոնի վերամշակմամբ ստանանում և իրացնում են ավելի բարձր ավելացված արժեքով պատրաստի արտադրանք՝ Հայաստանի ներսում ապահովելով ավելի երկար արժեշղթա։
Արտադրանքը կարող է բավարարել ինչպես Հայաստանի ներքին պահանջարկը, այնպես էլ ապահովել մեծ քանակությամբ արտահանում։ Արտադրամասի կառուցման համար ընկերության կողմից ներդրվել է շուրջ 4 մլն ԱՄՆ դոլար։ Ընկերությունն ունի ընդհանուր 780 աշխատակից, որից 120-ը նշված արտադրամասում կներգրավվի՝ ամբողջ ծավալով արտադրական գործընթացի անցնելուց հետո։
«Ասկե Գրուպ» ԲԲԸ-ն օգտվել է պետական աջակցության մի շարք ծրագրերից, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառումից, մաքսատուրքից և շահութահարկից ազատման արտոնություններից, ինչպես նաև «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում թողարկել, տեղաբաշխել և ցուցակել է 15 մլրդ դրամ և 15 մլն դոլար ծավալով պարտատոմսեր։