Հասարակություն

Զինծառայության կարգի փոփոխման աղմկահարույց նախագծի քննարկումը հետաձգվեց

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը չկայացավ. զինծառայության կարգի փոփոխման աղմկահարույց նախագծի քննարկումը հետաձգվեց։

Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասաց, որ պետք է մանրամասն քննարկել նախագիծը, որից հետո ընդգրկել օրակարգում: 

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ օրենքի ընդունումը խնդրահարույց է․

«Բոլորն էլ նույն պատասխանատվությունն ունեն հայրենիքի հանդեպ՝ անկախ սոցիալական կարգավիճակից կամ ռասայից․ եթե խոսում եք կոռուպցիայի մասին, ապա պետք է արմատախիլ անեք այն», - ասաց Մանուկյանը:

Օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանը պահանջեց, որ օրենքն ընդունվի մինչև հուլիսի 1-ը՝ ամառային զորակոչի սկիզբը։ Նրա խոսքով՝ հասարակությունը ոչ միայն դեմ չէ այս նախագծին, այլև սպասում է դրա ընդունմանը. այն կնպաստի հետախուզման մեջ գտնվողների վերադարձին և կկանխի արտագաղթը:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը բուռն քննարկումների է արժանացել ու որոշ իրավապաշտպանների կողմից խնդրահարույց համարվել։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս քննադատել է նախագիծը: Մանասյանն ընդգծել է, որ նախագծային կարգավորումները կարող են առաջացնել հասարակության լուրջ սոցիալական շերտավորում՝ հանգեցնելով խտրականության բացակայություն ենթադրող սկզբունքի խախտմանը: