Հասարակություն

Կոմիտասի պողոտայից հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված եղբայրներ

Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայից 2 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են մեկը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, մեկը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Կարապետ Ե.-ն՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափածակող վերք հարցականով» ախտորոշմամբ, իսկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա Կարեն Ե.-ն՝ «գլխի վնասվածք ԳՈւՎ հարցականով, պատռած վերք» ախտորոշմամբ։

Դեպքի վայրի մոտակայքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վթարված Mercedes G63 մակնիշի ավտոմեքենա, որից շուրջ 80 մետր ներքև՝ արագաչափի հարևանությամբ, դարձյալ վթարված Opel մակնիշի ավտոմեքենա։ Հայտնաբերվել է նաև Opel-ի շիթ և մեկ այլ ավտոմեքենայի համարանիշ։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված վայրում տեղի է ունեցել վթար, որն այնուհետև վերածվել է վիճաբանության, ապա՝ ծեծկռտուքի, իսկ վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկի ոտքին եղել է պրոբացիոն ծառայության կողմից տեղադրված հատուկ «բրասլետ»։