Մշակույթ

Երևանը դարձավ երաժշտություն. սիրված արտիստները համախմբվել էին «Սա Երևանն է» նախագծի շրջանակում

Շաբաթ երեկոն Արամ Խաչատրյան համերգասրահում նվիրված էր Երևանին ու Երևանը սիրող հանդիսատեսին։ 

 «Սա Երևանն է» խորագրով համերգին մասնակցում էին Երևանի մշակութային կյանքի ձևավորման ու զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած արտիստներ և երաժիշտներ, որոնք Երևանի հանդեպ զգացածն արտահայտեցին իրենց հատուկ սիրո լեզվով՝ երաժշտությամբ։ Նախաձեռնությունը «Նյու Ջեներեյշն Փրոջեքթինն» էր։ 

Հանդիսատեսը վայելեց Մալխաս ջազ տրիոյի, Մարտին Վարդազարյանի, Արամոյի, Խաչիկ Սահակյան տրիոի, Երվանդ Երզնկյանի, Միքայել Պողոսյանի, Արթուր Իսպիրյանի, Աննա Վարդազարյանի, Քրիստ Մանարյանի, Ռադիկ Գաբրիելյանի կատարումները, որոնք ուղեկցվում էին հատուկ պրոյեկցիոն ետնապատկերներով՝ հիասքանչ, տեսարժան տեսարաններ Երևանի տարբեր շրջաններից՝ հին թաղամասերից մինչև ժամանակակից շինություններ։ 

Համերգը մեկնարկեց Արթուր Իսպիրյանի կատարմամբ՝ Կոնստանտին Օրբելյանի «Երևանյան չորս եղանակ» երգով։ Համերգը վարողի «պաշտոնը» կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանինն էր, որ յուրահատուկ համ ու հոտ հաղորդեց երեկոյին՝ իր նուրբ հումորով ու իրեն հատուկ պարզությամբ ու ինքնահեգնանքով։ 

Վարդազարյանը կատակեց՝ պաշտոնի առավելությունը դրա «չարաշահման» հնարավորությունն է։ Նա զերծ չմնաց դրանից՝ միայն թե դրական իմաստով։ Վարդազարյանը 2 անգամ բեմ հրավիրեց իր դստերը՝ Աննա Վարդազարյանին, որ իր գեղեցիկ կատարումներով հանդիսատեսին հաղորդեց թեթև ու ուրախ տրամադրություն։ Մարտին Վարդազարյանը հպարտացավ դստեր կատարմամբ․ «Իմ աղջիկն է, է՜»։ 

«Ամեն քաղաք ունի մեկին, որով իրեն ճանաչում են։ Երբ երկրից դուրս ես գնում, հարցնում են՝ որտեղից ես, ասում ես՝ Երևանից, հարցնում են՝ ա՜, Մալխասին ճանաչո՞ւմ ես»,- Վարդազարյանն այսպես ներկայացրեց հայ ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանին։ 

Վերջինիս հանդիսատեսը դիմավորեց բուռն ծափահարություններով ու յուրահատուկ ջերմությամբ։ Նա կատարեց Առնո Բաբաջանյանին «Նոկտյուրն» ստեղծագործության իր մշակումը։ 

«Դու տաղանդ ես»,- ամեն անգամ դերասան, ռեժիսոր, երգիչ Միքայել Պողոսյանին տեսնելիս ասում է Մարտին Վարդազարյանը և Պողոսյանը չի նեղանում, պատմեց կոմպոզիտորը նրան բեմ հրավիրելով։ Հանդիսատեսը վայելեց նրա կատարումը ևս։ 

Իսկ երգիչ, դերասան ու թմբկահար Արամոն հանդես եկավ և հարվածային գործիքների նվագակցությամբ և երգով։ 

Ինչպես համերգի սկիզբը, այդպես էլ ավարտը ազդարարվեց Արթուր Իսպիրյանի կատարմամբ, Մարտին Վարդազարյանի երաժշտությամբ ու Յուրի Սահակյանի խոսքերով կառուցված «Սա Երևանն է» երգով, որի կրկներգի բառերը բաժանված էին հանդիսատեսին։ Կրկներգի կատարումը հնչեց հանդիսատեսի մասնակցությամբ։ 

Համերգն առաջինն էր՝ Երևանին նվիրված, բայց ոչ վերջինը։ Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հայտարարեց ընդմիջում՝ մինչև հաջորդ հանդիպումը։ 

Անժելա Պողոսյան