Հասարակություն

Աֆրիկյան լեռը փակուղու առաջ է կանգնեցրել հետազոտողներին

Նույնիսկ 21-րդ դարում մոլորակը շարունակում է զարմացնել իր անհավատալի աշխարհագրական բացահայտումներով։ Երկիր մոլորակը մեզ մինչ օրս է անակնկալներ մատուցում՝ բացահայտելով դեռևս չուսումնասիրված տարածքներ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Այդպես, 2018 թվականին արբանյակային քարտեզների շնորհիվ գիտնականները հայտնաբերել էին Աֆրիկայում մի լեռ, որի գոյության մասին նախկինում ոչինչ հայտնի չէր։ Հաջորդ տարի կազմակերպված գիտական արշավը դարձել է իսկական սենսացիա։ Արդեն լուսանկարներում մասնագետները նկատել էին, որ լեռան գագաթին անտառ է։ Բանն այն չէ, թե Աֆրիկայում չկան անտառներ, զարմանալին այն էր, որ Լիկո լեռը պատկանում է ինզելբերգների դասին՝ մեկուսացված բարձունքներ են՝ ուղղաձիգ կամ գրեթե ուղղաձիգ լանջերով, որոնք վեր են խոյանում դաշտավայրից, ինչպես կղզին ծովից։ Դրանք սովորաբար կազմված են կարծր հրաբխային ապարներից, ուստի գրեթե չեն ունենում բուսականություն։ Սակայն Լիկոն բացառություն էր՝ նրա գագաթին, հրաբխային խառնարանում, գտնվում էր հսկայական անտառ՝ շուրջ 30 հա տարածքով։

Լեռան էկոհամակարգն էլ էր անսպասելի։ Հետազոտողները թռչուններ գրեթե չեն տեսել, թեև երբեմն լսել են նրանց ձայները։ Փոխարենը՝ լեռը դարձել էր միջատների իսկական դրախտ։ Լիկոյում ապրում էին նաև շուրջ երկու տասնյակ տեսակի երկկենցաղներ և երեք տասնյակ սողուններ։ Այստեղ էին բնակվում նաև տարբեր տեսակի կրծողներ, այդ թվում՝ հսկա առնետ։ Բայց առավել զարմացրել է հետազոտողներին այն փաստը, որ լեռնային մի առվակի մեջ ձուկ էր ապրում։ Ինչպե՞ս էր այն հայտնվել այնտեղ՝ մինչ օրս հուսալի բացատրություն չկա։

Գիտնականներին ապշեցրել են նաև տարօրինակ օբյեկտները, որոնք նրանք սկզբում համարել էին քարեր։ Սակայն պարզվել է՝ դրանք հնագույն կավե անոթների բեկորներ էին։ Այսինքն՝ որևէ ժամանակ լեռան գագաթին մարդիկ են բնակվել։ Մինչդեռ լեռան լանջերը հասնում են մինչև 700 մետր ուղղաձիգ բարձրության, և այնտեղ հասնելը հնարավոր է եղել միայն պրոֆեսիոնալ ալպինիստների օգնությամբ։ Տեղացիները քիչ բան են կարողանում ավելացնել՝ նրանց պատմությունները սահմանափակվում են լեգենդներով։ Մի խումբը պատմում է, որ լեռան վրա ժամանակին բնակվել են թզուկներ։ Մյուսներն ասում են, որ գագաթը բնակեցրել են գերմանացիները՝ մինչ Առաջին համաշխարհային պատերազմը գաղութացնելով այդ տարածքները։ Սակայն երկու տարբերակն էլ ապացույցներ չունեն, իսկ նոր վարկածներ առայժմ չկան: