ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտնել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարորդական վկայականները սեպտեմբերի 1-ից կթվայնացվեն։ Նույնկերպ կթվայնացվեն նաև մեքենաների հաշվառման վկայագրերը։
Նրա խոսքով, եթե պարեկային ծառայության աշխատակիցը նույնականացնում է վարորդին, ապա վարչական իրավախախտումը, որը նախատեսված է վկայականն իր մոտ չունենալու դեպքում, չի կիրառվի։
«Բոլոր նրանք, ովքեր ունեն վարորդական վկայական, կհամարվի, որ ունեն նաև թվային վարորդական վկայական, իսկ այն անձինք, որոնք նոր ձեռք կբերեն վարորդական վկայական, նրանց կտրվի ընտրության հնարավորություն, այն է՝ առավել փոքր տուրքով անձը կարող է ձեռք բերել թվային վարորդական վկայական: Սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում ունենալ այդ պլաստիկ վարորդական վկայականը, եթե ցանկանում են երկրից դուրս գալ մեքենայով: Այդ դեպքում տուրքը մի փոքր ավելին է, և անձը հնարավորություն կունենա ստանալ պլաստիկ վարորդական վկայական»,- ասել է նա:
Ղազարյանը նաև ընդգծել է, որ թվային վարորդական վկայականը կկիրառվի միայն ՀՀ-ում, ՀՀ-ից դուրս անհրաժեշտ կլինի պլաստիկ վարորդական վկայական ունենալ: