ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 23-ին Կոտայքի մարզում այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ», որի պաշտոնական բացումը նախատեսվում է հունիս ամսվա ընթացքում։
«Հոմպլեքս Հիպեր Մոլը» շինանյութի խոշորագույն խանութ է, որը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում։ Տարածքում ծառայություն կմատուցեն մի շարք ֆինանսական կառույցներ, գործելու են սուպերմարկետներ, սրճարաններ և խաղահրապարակներ։ Այն հանդես է գալու նաև որպես միկրոարտադրողների և շինարարության ոլորտի մասնագետների պարբերական հանդիպումների վայր:
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում։
«Հոմպլեքս Հիպեր Մոլ»-ի սեփականատեր Նորայր Մարտիրոսյանի ուղեկցությամբ Գևորգ Պապոյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքներին և ստեղծված ենթակառուցվածքներին։
Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական աջակցության այն գործիքակազմը, որոնց միջոցով հնարավոր է արդիականացնել և ընդլայնել գործունեությունը։