Հայաստանում մեկնարկել է խաղողի տեղածին սորտերի պահպանման և կայուն օգտագործման նոր գիտահետազոտական ծրագիր։ Նախագծով նախատեսվում է Հայաստանում առաջին անգամ հիմնել պատվաստված մոդելային խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ կպահպանվեն և կուսումնասիրվեն 120–150 վտանգված տեղածին սորտեր։
Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պետական ֆինանսավորմամբ։ 2024 թվականին այն ներառվել է երկու նպատակային ծրագրերի շրջանակում՝
«Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր»՝ 54 մլն դրամ, «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր»՝ 176 մլն դրամ:
Ծրագիրը ղեկավարում է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը։
«Հետազոտության հիմնական նպատակը տեղածին սորտերի և ամերիկյան պատվաստակալների գենոմային մակարդակով համատեղելիության ուսումնասիրությունն է, ինչը հրատապ անհրաժեշտություն է՝ պայմանավորված խաղողի արմատները վնասող ֆիլոքսերա վնասատուի առկայությամբ Հայաստանում»,-մեզ հետ զրույցում նշել է Քրիստինե Մարգարյանը։