Հասարակություն

Անձավաբուժական կենտրոնը կմասնավորեցվի

Առողջապահության նախարարության «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ն կմասնավորեցվի. որոշումն ընդունել է կառավարությունը՝ չզեկուցվող նախագծերի փաթեթով։

Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված է պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ընկերության բաժնետոմսերը ներկայացվում են աճուրդի։ 

Վաճառքի գնի 70%–ը պետք է ուղղվի պետբյուջե, 30%-ը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

Անձավաբուժության բուժական և վերականգնողական բարձր արդյունավետությունն ապացուցված է բրոնխիալ աստմայով և այլ ալերգիկ հիվանդություններով տառապող  հազարավոր հիվանդների ապաքինմամբ: Անձավաբուժական մեթոդը չի առաջացնում որևէ բարդություն և թույլ է տալիս նվազեցնել օգտագործվող դեղամիջոցների դեղաչափերը՝ առանց վիճակի ծանրացման: 

Հանրապետական անձավաբուժական կենտրոնն այսօր իր գործունեությունը իրականացնում է միայն վճարովի ծառայությունների հաշվին: Ընկերության անձավաբուժական ծառայությունը մատուցվում է 235 մ խորության վրա՝ բնական քարաղի փորվածքներում՝ առողջապահության նախարարության հաշվեկշիռ հանձնված տարածքում։