Հասարակություն

38,800 մանրաձուկ բաց է թողնվել Սևանա լիճ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ այսօր աշխարհը միասնաբար նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանման կարևորության շուրջ և խթանել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք ուղղված են բնության կորուստների կանխմանն ու էկոհամակարգերի վերականգնմանը։

Հայաստանը ևս միանում է այս գլոբալ շարժմանը՝ իրականացնելով մի շարք բնապահպանական նախաձեռնություններ։ Օրվա խորհրդի՝ ներքո Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այսօր նշանավոր քայլ է արվել՝ Սևանա լճի կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ։

Մասնավորապես, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկ բաց է թողնվել Սևանա լիճ։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է ծրագրավորված աշխատանքի մաս՝ ուղղված իշխանի պոպուլյացիայի վերականգնմանը, որը երկար տարիներ գտնվել է նվազման վտանգի տակ։

Սևանի իշխանն ունի ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային և տնտեսագիտական նշանակություն։

Այս քայլը ևս մեկ հիշեցում է, որ կենսաբազմազանության պահպանումը հնարավոր է միայն շարունակական, համակարգված ու նորարարական մոտեցումների միջոցով։
Հայաստանի բնությունը մեր ազգային հարստությունն է, և այն պահպանելը մեր համատեղ պարտքն է՝ հանուն ներկա և ապագա սերունդների։