Արարատի մարզի պարեկները ապրիլի 23-ի գիշերը Սայաթ-Նովա գյուղից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակությամբ օղի:
Պարզվել է, որ «Օպելի» բեռնախցիկում և սրահում առկա 168 շիշ կեղծ օղին շշալցրել է 41-ամյա վարորդը, և գիշերը 39-ամյա եղբոր հետ դրանք տեղափոխում էր ազգականի տուն` վաճառելու նպատակով:
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով «Օպելի» 41-ամյա վարորդը և 39-ամյա եղբայրը ձերբակալվել են, ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, այդ թվում` իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության հատկանիշներով:
Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է նաև, որ 41-ամյա տղամարդը Բալահովիտ գյուղում և Երևանի Ավան վարչական շրջանում իր կողմից օգտագործվող ավտոտնակներում ունի տարբեր տեսակի օղու շշեր, խցաններ և տարաներ, իսկ իր բնակության վայրում՝ արդեն շշալցված 160 կեղծ օղի:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: